ՏԿԵ փոխնախարար․ ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկի պայմաններն անընդունելի էին՝ հրաժարվել ենք

ՏԿԵ փոխնախարար․ ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկի պայմաններն անընդունելի էին՝ հրաժարվել ենք

PanARMENIAN.Net - Մեծամորի ատոմակայանի համար նախատեսված ռուսական վարկի պայմաններն անընդունելի են եղել հայկական կողմի համար, այդ պատճառով էլ որոշվել էր հրաժարվել դրա մի մասի օգտագործումից, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածնբերի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և նախատեսում է կիսատ մնացած աշխատանքները շարունակել սեփական միջոցների հաշվին։

«Ռուսական վարկի մնացորդը դրամաշնորհի հետ միասին կազմել է մոտ $110 մլն, որից վարկի մասով` $100 մլն։ Ռուսական վարկի օգտագործման ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Եվ ես չեմ որակի, որ մենք հրաժարվել ենք։ Ուղղակի մենք վերջնական չենք դիմել վարկի ժամկետի երկարացման համար, որովհետև օգտագործման պայմանների հետ խնդիրներ կային։ Այսինքն՝ այն պայմաններով, որով վարկն օգտագործվում էր, մեր գնահատմամբ՝ հնարավոր չէր արդյունավետ ավարտել ծրագիրը։ Իսկ վարկային պայմանների փոփոխություն, ըստ ռուսական կողմի, հնարավոր չէր, որովհետև նման վարկերն այլ երկրներին, օրինակ` Բելառուսին, ևս տրված էին այդ պայմաններով։ Փոփոխությունը ենթադրում էր, որ մյուս երկրները ևս կուզենային փոփոխություն»,- ասել է նա։

Ըստ փոխնախարարի՝ հայկական կողմի համար խնդրահարույց էր նաև վարկի օգտագործման այն պայմանը, որ պետք է դրա 80%-ը և ավելին օգտագործվեր ռուսական արտադրանքի կամ ռուսական ընկերությունների կողմից։ Փոխնախարարը նշել է, որ ռուսների հետ քննարկումներից հետո որոշվել է սեփական միջոցներով շարունակել գործունեությունը և դա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական որոշում է։

Ռուսական վարկի օգտագործված մասի մարումներն սկսվել են 2020 թվականի հունվարից։ Փոխնախարարը նշել է, որ հայկական կողմը դիմել էր, որպեսզի մարումները հետաձգվեին մինչև ծրագրի ավարտը, սակայն այդ պարագայում ևս ռուսական կողմը նշել է, որ վարկային համաձայնագրի փոփոխություն կնշանակի մյուս երկրների համար ևս փոփոխություն, ինչին իրենք չեն կարող գնալ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---