ԱԳՆ․ 1990-ի հունվարին Բաքվում հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը

ԱԳՆ․ 1990-ի հունվարին Բաքվում հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

1990-ի հունվարի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը, որոնք շարունակվում էին 7 օր: Դրանց ընթացքում սպանվեց մոտ 400 հայ, մոտ 200-ն էլ վտարվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից: Բաքվում հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

«31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները:

Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ:

«Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով Եվրոպայի ԱԳՆԽ-ին ու Խորհրդին պաշտպանել հայերին ԽՍՀՄ կառավարության առջև և պահանջում էր Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցույցաբերել: Հունվարի 18-ին մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ հղեցին Միխայիլ Գորբաչովին, որտեղ Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ մտահոգություն էին հայտնում ու կոչ անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:

1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով Ադրբեջանից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվել է մոտ 300,000 հայ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---