ԱԳ նախարար․ Մտահոգ ենք՝ Ադրբեջանը չի պահպանում եռակողմ հայտարարության առանցքային կետերը

ԱԳ նախարար․ Մտահոգ ենք՝ Ադրբեջանը չի պահպանում եռակողմ հայտարարության առանցքային կետերը

PanARMENIAN.Net - Հայկական կողմը խսիտ մտահոգված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության առանցքային կետերը՝ մասնավորապես գերիների և պահվող այլ անձանց վերադարձի և զբաղեցրած դիրքում կանգ առնելու մասով, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է Ա1+-ը։

Նախարարն ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովում հանդիպել է պատգամավորների հետ, հայտարարություն արել ու մասնակցել փակ քննարկմանը։

«Գերեվարված հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքներն ու քրգործերը ոչ միայն խախտում են եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները։ Այս գործընթացները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ պատանդառությունն ու հայատյաց քաղաքաքականության շարունակումը։ Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր պատանդների ու ռազմագերիների վերադարձի, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով, ԱԳՆ-ն գործակցում է միջազգային գործընկերների հետ ու համադրում քայլերը ներքին գործընկերների հետ»,- հայտարարել է նա։

Նախարարը նշել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրեր վերադարձի հարցը։

Ըստ Այվազյանի՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է, և« դեռ ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ»:

«Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար։ ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է նա։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն ստորագրվեց տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---