Առանց վարորդականի երթևեկողները կարող են 200,000 դրամով տուգանվել, ղեկին ծխողները՝ 7000-ով

Առանց վարորդականի երթևեկողները կարող են 200,000 դրամով տուգանվել, ղեկին ծխողները՝ 7000-ով

PanARMENIAN.Net - Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողների համար առաջարկվում է սահմանել 200,000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 7000 դրամ, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկել ու կողմ է քվեարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծին։

Նախագծով առաջարկվում է ճանապարհային երթևեկության խախտումների համար տուգանքների վերանայում: ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով, եթե վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործվեն, կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով (7000 դրամ), 1 տուգանային միավոր կկիրառվի:

Առաջարկվել է նաև, որ ճանապարհապարեկային ոստիկանների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը հետաձգել մինչև 2022թ․ հուլիսի 1-ը։ Ըստ Ֆիդանյանի, մինչ այդ, տուգանային միավորը, որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների վերաբերյալ քննության ենթակա գործերով։

Ֆիդանյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև երաշախավորել չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը:

«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով էլ, բալային համակարգի կիրառումից հետո այս հարցերը բաց էին մնացել, դրանք տեսանելի են դարձել պրակտիկայի ընթացքում։

«Հիմնականում խնդիրները հետևյալն է՝ ինչ պատասխանատվություն է կրում այն անձը, որը վարորդական իրավունք չունի, նրա նկատմամբ բալային համակարգ չեն կարող կիրառել: Գործող օրենքով մուծում է 29,000 դրամ ու այդ վտանգավոր իրավախախտումն անում: Հիմա առանձին կարգավորում է մտցվում նրանց համար, ովքեր վարորդական իրավունք չունեն ու վարում են մեքենա: Նրանց համար կսահմանվի 200,000 դրամ տուգանք»:

Արմեն Խաչատրյանը նշել է, որ բալային համակարգը կիրառվում է կիսատ՝ 30-40%-ով, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն 25-30 զոհ պակաս է։

«Մարզերում տեսախցիկներ չկան, ընդամենը արագաչափեր են: Երբ պարեկային ծառայությունը կկիրառվի, շատ ավելի լավ արդյունքներ կունենանք»,-ասել է նա։

2020-ի հունվարի 1-ից ՀՀ-ում վարորդների համար ներդրվել է բալային համակարգ, յուրաքանչյուրը ստանում է 9 միավոր։ Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կասեցվում է անձի վարորդական իրավունքը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---