Քրհետապնդումից մինչև պայմանագրային աշխատանք․ ՀՀ-ում դասալքության համար պատիժը կխստացվի, այլընտրանքային տարբերակներ կառաջարկվեն

Քրհետապնդումից մինչև պայմանագրային աշխատանք․ ՀՀ-ում դասալքության համար պատիժը կխստացվի, այլընտրանքային տարբերակներ կառաջարկվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում զինծառայությունից խուսափելու համար առաջարկվում է օրենքում նոր փոփոխություններ մտցնել՝ խստացնելով դասալքության համար պատիժը, միևնույն ժամանակ առաջարկելով այլընտրանքային տարբերակներ։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունները։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ նախկինում 27 տարին լրացած ու բանակում չծառայածները համապատասխան գումարի դիմաց «ներում էին ստանում», սակայն այժմ որոշվել է այդ մոտեցումը դադարեցնել։

«Փոփոխությունների փաթեթը զինծառայությունից խուսափելը դարձնում է անիմաստ, խստացնելով հանդերձ՝ խոչընդոտներ են ստեղծվում արտերկրում ապրելու համար․ նրանք կամ պետք է վերադառնան ՀՀ, կամ ընդհանրապես չվերադառնան»,- հայտարարել է Քոչարյանը։

Նա նշել է, որ ըստ առաջարկվող փոփոխությունների՝ հայտարարված վարժական հավաքից խուսափելը պատժվում է կալանքով առավելագույնը 3 ամիս ժամկետով, պարտադիր զինծառայությունից կամ զորակոչից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով։

Մյուս փոփոխությունները կապված են այն դրույթի հետ, որ զինծառայությունից խուսափած անձը կարող է ծառայության անցնելու տարբերակ ունենալ և ազատվել քրհետապնդումից։

«Խստացնելով հանդերձ` տալիս ենք նաև ալտերնատիվ առաջարկ, գալիս եք մուծում այդ գումարը, որը երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձի համամասնությամբ է, կամ գալիս եք, անցնում եք պայմանագրային ծառայության ու պետությունն է ձեզ վճարում դրա համար»,- բացատրել է Քոչարյանը։

Նշվել է նաև, որ զինծառայությունից խուսափելը միջին ծանրության հանցանքից համարվելու է ծանր հանցագործություն․ դա հնարավորություն է տալիս, որ հետախուզման մեջ գտնվող մարդկանց արտահանձնել։

Օրենքի փոփոխությունները քննարկումից հետո լրամշակվելու են, հարմարեցվելու Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխություններին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---