Ավստրալիայում «ապօրինի ներգաղթյալ» աղավնի Ջոյին մտադիր էին վերացնել․ Պարզվել է՝ տեղաբնակ է

Ավստրալիայում «ապօրինի ներգաղթյալ» աղավնի Ջոյին մտադիր էին վերացնել․ Պարզվել է՝ տեղաբնակ է

PanARMENIAN.Net - Ավստրալիայի իշխանությունները, որոնք մտադիր էին վերացնել երկրում հայտնի դարձած Ջո անունով աղավնուն, հրաժարվել են այդ մտադրությունից, քանի որ պարզվել է, որ նա ներգաղթյալ չէ, տեղաբնակ է և վտանգ չի ներկայացնում տեղի կենդանիների համար։ Այդ ոչնչով աչքի չընկնող թռչունի պատմությունն առիթ դարձավ համազգային բանավեճի ծավալման համար, այդ թվում՝ գյուղնախարարի և նույնիսկ վարչապետի մասնակցությամբ։

Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 26-ին, երբ Մելբուրնի արվարձաններից մեկի բնակիչ Քևին Սելլի-Բերդոն իր բակում հայտանբերեց ուժասպառ մի աղավնու, կերակրեց նրան և անվանեց Ջո՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի պատվին, գրում է BBC-ն։

Աղավնու ոտքին կապույտ ժապավեն էր կապված, որին գրված էր, որ աղավնին պատկանում է ԱՄՆ Օկլահոմա նահանգի աղավնիների մրցաթռիչքների սիրահարների ակումբին։

Այդ սպորտով զբաղվող մարդիկ հատուկ վարժեցված աղավնիներին տանում են որոշակի տարածության վրա և միաժամանակ բաց թողնում, իսկ հետո հաշվարկում են, թե ինչ արագությամբ յուրաքանչյուրը կհասնի բուծարան։ Մի մասը հետ չի վերադառնում։

Հաշվի առնելով, որ Մելբուրնն ու Օկլահոման 12,000 կմ հեռավորության վրա են, թռչունի նոր տերը, ապշած լինելով այդ հանգամանքից, պատմել է այդ մասին սոցցանցերում։ Նա ենթադրում էր, որ աղավնին մոլորվել է և հատել օվկիանոսը՝ հավանաբար, ինչ-որ նավի վրա։ Սելլի-Բերդը կապ էր հաստատել ակումբի հետ, վերցրել Ջոյի ենթադրյալ տիրոջ հեռախոսահամարը, սակայն նրա զանգերին չէին պատասխանել։

Դրանից հետո Ավստրալիայի գյուղնախարարությունը հայտարարեց, որ աղավնուն հարկավոր է վերացնել, քանի որ այն ապօրինի է հատել սահմանը և կարող է հիվանդություններ տարածել։ Քանի որ Ավստրալիայի կենդանական աշխարհը եզակի է, այդ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են այդ հարցը։ Սոցցանցերում ի պաշտպանություն աղավնու մեծ ալիք բարձրացավ։

Առողջապահության նախարարությունն առաջարկեց ոչ թե սատկացնել թռչունին, այլ կարանտին սահմանել։

Իմանալով, թե ինչ է կատարվում Ավստրալիայում՝ Աղավնիների մրցաթռիչքների ամերիկյան միությունը հայտնեց, որ Օրեգոն նահանգում հոկտեմբերի 29-ին իրոք այդպիսի մրցում է անցկացվել, սակայն համապատասխան համարի թռչունն իրականում չի անհետացել։ Պարզվել է նաև, որ այդ աղավնին մոխրագույն է, իսկ Ջոն՝ սպիտակ, շեկ երանգով, ուստի ոտքի գրությունը կարող է կեղծ լինել։

Արդյունքում որոշվեց, որ աղավնի Ջոն, ամենայն հավանականությամբ, ավստրալացի է և կենսաանվտանգության համար վտանգ չի ներկայացնում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---