18 հունվարի 2021 - 13:09 AMT
Բայդենի աշխատակազմում ևս մեկ հայազգի պաշտոնյա կլինի

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում ևս մեկ հայազգի պաշտոնյա կլինի։ Ջեֆ Մարությանը կնշանակվի ԱՄՆ նախագահի Բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական, տեղեկացնում է Zartonk Media-ն։

Մարությանը Նյու Ջերսիից է, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի շրջանավարտ է։ Նա եղել է Կոլումբիայի շրջանի տրանսպորտի վարչության տնօրենը, ավելի վաղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել տրանսպորտի դեպարտամենտում։

Օբամա-Բայդեն նախագահական ընտրությունների ժամանակ Ջեֆ Մարությանը ղեկավարել է LGBT-ի տեղեկատվական բաժինը Ժողովրդավարական ազգային կոմիտեում (DNC)։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորըտիր նախագահի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կոմունիկացիաների բաժնի պետ է նշանակվել լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը։ Նա Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարն էր Արևմտյան Փենսիլվանիայում, իսկ մինչ այդ ապահովում էր տեղեկատվական աջակցությունը մի շարք նահանգներում փրայմերիզի և համընդհանուր ընտրությունների ժամանակ։