Գերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Գերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նամակը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: Դրանում նշվել է, որ գերիների վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո: Սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակն անելը ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

«2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ:

Եռակողմ հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ առկա է պատերազմական գործողություններով պայմանավորված՝ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 64 հայ զինծառայող գերիների վերադարձը ձգձգվում է՝ իրավական գործընթացների չարաշահմամբ, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ»,- ասվում է գրառման մեջ:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ու այն, որ մեր հայրենակիցները գերեվարվել են Ացրախում (Լեռնային Ղարաբաղում)՝ համանախագահների ուշադրությունը նամակով հրավիրվել է նշված ու մյուս բոլոր խնդիրների վրա՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը բացառելու հրատապ անհրաժեշտության հարց։

Տեղյակ եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն նույնպես այս հարցն անընդհատ բարձրացնում է, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ խմբին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, այդուհանդերձ, նկատի ունենալով հարցի հրատապությունն ու սկզբունքային կարևորությունը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հրամայականով՝ ինքս նույնպես որոշեցի դիմել՝ ներկայացնելով ինքնուրույն դիտարկումների ու բողոքների քննության այն արդյունքները, որ արձանագրել է Հայաստանի ՄԻՊ-ը»,-ասվում է գրառման մեջ:

Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։

Պատերազմի ամբողջ ընթացքում սոցցանցերում ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին գլխատելու, ականջ կտրելու, գնդակահարելու, խոշտանգելու բազմաթիվ հոլովակներ են հրապարակվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---