Ընտրություններին մասնակցելու ենք ու կրենք․ Քոչարյանի հարցազրույցը՝ 8 րոպեում

Ընտրություններին մասնակցելու ենք ու կրենք․ Քոչարյանի հարցազրույցը՝ 8 րոպեում

PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել hayeli.am, politik.am և yerevan.today կայքերին, որը հեռարձակվել է 5-րդ ալիքով։ Առանձնացրել ենք հարցազրույցի կարևոր կետերը։

- Վարչապետն արել է ամեն ինչ պատերազմ ունենալու համար, և չի արել ոչինչ` պատերազմը կասեցնելու համար։ Արել է ամեն ինչ` պարտվելու համար, և չարեց ոչինչ` չպարտվելու համար։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի այսպես մտածելու (որ հայրենիքը վաճառել են՝ - խմբ․), մինչև դա չհերքվի։

- (Ստեփանակերտում) նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել: Ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջ: Ես ոտքով էի քայլում այնտեղ, որովհետեւ երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է այդ շենքը․․․ ուրախ եմ, որ խնայել են շենքը, բայց հարցեր առաջանում են․․․ պատերազմի 1-ին օրից հերթափոխով իր (վարչապետի) մոտից մարդիկ էին շենքում նստած։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին: Իմ տպավորությամբ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում: Այդ մարդիկ այլ խնդիր ունեին՝ հանկարծ պատերազմը չկրենք, հանկարծ ամեն ինչ չգնա այնպես, ինչպես պլանավորված է:

- Արցախի պետականության բեկորներն են մնացել, եթե ազնիվ լինենք․․․ Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը․․․ մենք Սյունիքի մասին գիտենք, բայց այսօր Արցախում ամեն օր տարածքներ ենք կորցնում, չկա բնագիծ, մեկ պոստից մյուսը չափազանց մեծ տարածություններ են, որտեղ ուզում են` առաջ են գնում, հնարավոր չէ այս բեկորներից ևս հավաքել մի միավոր, որը կդիմակայի այս մարտահրավերներին։

- Բանակի մասին․ Ղարաբաղում պետք է բոլոր բնակիչները բանակի մաս դառնան, պետք է ուսումնասիրել Իսրայելի փորձը, կիբուցների տարբերակը՝ մարդիկ տանը զենք ունենան, հագուստ, քրտնաջան աշխատանքով նոր անվտանգության համակարգ ձևավորել Ղարաբաղում։ Դժվարանում է զորակոչ այստեղից տանելը․․. իսկ եթե Արցախի անվտանգությունը միայն ռուս խաղաղապահներն ապահովեն, ապա ի՞նչ պետականության մասին կարող ենք խոսել։

- Սյունիքը չենք կորցրել Ռուսաստանի ռազմական բազայի և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական պայմանագրի շնորհիվ։ Նման երկրների անունը պրոտեկտորատ է։ Այսօր մենք փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ դա արել են մարդիկ, որոնք Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույցեր էին անում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու պահանջով։

- Առանց գերիների հարցի լուծման՝ մենք որևէ շփում պետք է չունենանք։ Դա պետք է լինի նախապայման բոլոր մյուս քայլերն անելու համար․․․ Կարո՞ղ է Ադրբեջանը չգիտի, թե քանի գերի ունի: Պետական գաղտնիքը մեր ժողովրդի՞ց է: Ընդհանրապես, պետական գաղտնիք է հարավում այն տեղեկատվությունը, որն ազգային անվտանգության տեսակետից պետք է մեր հակառակորդին, թշնամիներին: Հիմա այդ թիվը մեր թշնամին մեզանից լավ գիտի։

- Գերի պահելն անշնորհակալ բան է, համոզված եմ՝ (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը մշտապես ճնշման տակ է․․․ Նա պահում է գերիներին շատ կոնկրետ նպատակով՝ Արցախի պետական համակարգի բեկորները քայքայելու համար։ Եթե այս գերիներին տա՝ հետո էլի են վերցնելու, մինչև վստահեցում չստանան, որ այստեղից որևէ զինվորական Արցախ չի գնալու։

- Կարգավորման բոլոր տարբերակներում ենթադրվում էր կոմունիկացիաները բացելը, բայց դա վերջին ակորդն էր։ Հիմա Ադրբեջանը ուժով լուծեց տարածքների հարցը, մի բան էլ ավելին, գումարած 2 շրջան։ Ըստ էության, չունենք ոչինչ, որի դիմաց պիտի կարգավիճակի հարց քննարկվի․ սա նշանակում է, որ Ադրբեջանը համարում է հարցը լուծած, և հարցի կարգավորման վերջին փուլի մեջ ենք մտել։ ԵՄ-ն հայտարարում է, որ հարցը լուծել ենք։ Փորձելու են այնպիսի վիճակ ստեղծել, որ Ղարաբաղը հայաթափվի կամ մաս-մաս ընդունի Ադրբեջանի իշխանությունն այդ տարածքում։

Իհարկե, լավ է, որ ճանապարհները բացվեն, բայց․․․ Մեղրիից Ռուսաստան 850 կմ է, որից ընդամենը 47-ն է Հայաստանի կազմում։ Ադրբեջանը կարող է ուղղակի տարիֆային քաղաքականությամբ այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելն անիմաստ լինի ընդհանրապես։ Այստեղ ևս մի կողմն ունի լծակ, ստացել է այն, ինչին ձգտել է, իսկ մենք ունենք հույս, որ սա կաշխատի, բայց չունենք լծակ այդ պրոցեսի վրա ազդելու համար։

- Մեղրիի ճանապարհը Ադրբեջանի համար այն հետաքրքրությունն էր, որի համար պատրաստ էին զիջումների։ Քի Վեսթում Ղարաբաղը միջանցքով միացվում էր Հայաստանին։ Միջանցքը նույն կարգավիճակը պետք է ունենար, ինչ Ղարաբաղը։ Դիմացն ընդամենը սուվերեն ճանապարհի հարց էր լուծվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ընդամենը։ Հիմա ամեն ինչ վերցրել են, ամեն ինչ կա, և այդ ճանապարհն են ստացել։ Դա իրենց երազանքն էր։ Եվ այդ երազանքը մատուցվեց Ադրբեջանին։ Ինչ ենք ստանում դիմացը, ես չգիտեմ։

- Ինչու ես ավելի ակտիվ չեմ ներգրավվել պայքարում․ «Իմ քայլի» համար ես մի մարդ եմ, որին իրենք 2 տարի պահել են բանտում և, իրենց մտածելով, ինձ իշխանություն տալուց ես սուրը հանելու եմ ու աջուձախ վրեժխնդիր լինեմ․․․ պատճառը նաև դա է, որ ես ինձ հեռու պահեցի, որ իմ գործոնը չխանգարի 25-30 պատգամավորներին վախեցնելու համար։

- Ընտրություններում իրենց մենակ թողնել հանրության հետ, չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար այո` մասնակցելու ենք և կրելու ենք։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---