Սերժ Սարգսյան․ Դու չես պարտվել, բանակ, քեզ թիկունքից են հարվածել

Սերժ Սարգսյան․ Դու չես պարտվել, բանակ, քեզ թիկունքից են հարվածել

PanARMENIAN.Net - Բանակի ծննդյան օրը մշտապես նշել ենք բերկրանքով, սակայն այսօր տրամադրությունն այլ է՝ «բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ Հայրենիքի մի հատվածի կորստյան ու նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով»: Այս մասին է հայտարարել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առիթով ուղերձում։ Համեմատելով ժողովուրդն ու բանակը ծնողի ու զավակի հետ, նա շեշտել է, որ ծնողը ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում:

«Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ: Քո ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իմ մարտական ընկերների և զինակիցների անունից ասում եմ քեզ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը», - շեշտել է նա:

Նրա խոսքով` հազարավոր ծնողներ բանակի սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ իրեն մոլորեցրեց ու ծուղակը գցեց:

«Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը: Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից», - ասել է Սարգսյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---