Ճապոնացի բժիշկները ծերությունը կասեցնելու դեղ են ստեղծել

Ճապոնացի բժիշկները ծերությունը կասեցնելու դեղ են ստեղծել

PanARMENIAN.Net - Ճապոնացի բժիշկները ծերության գործընթացը կասեցնող և օրգանիզմը երիտասարդացնող դեղամիջոց են ստեղծել, որի կիրառումը կարող է սկսվել արդեն 5-10 տարուց։ Նրանք բացահայտել են մեխանիզմը, որի միջոցով կարելի է ձերբազատվել այսպես կոչված «ծերացող բջիջներից» և արդյունավետ դեղամիջոց ստեղծել։

Փորձարկումների արդյոնքների և հայտնագործության հեռանկարների մասին պատմել է Տոկիոյի համալսարանի բժշկության ԳՀԻ պրոֆեսոր Մակոտո Նականիսին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Օրգանիզմի ֆունկցիաների տարիքային թուլացումն անմիջական կապ ունի օրգանիզմում այնպիսի բջիջների կուտակման հետ, որոնք գործի են դնում համակարգային բորբոքիչ գործընթացները։ Բորբոքումները հրահրող բջիջներից են այսպես կոչված ծերացող (սենեսցենտային) բջիջները։ Ծերացող բջիջները կամ բջիջների ծերացման գործընթացն ամերիկացի գիտնական Լեոարդ Հեյֆլիկը բացահայտել էր դեռևս 60 տարի առաջ։ Նա հայտնաբերել էր, որ բջիջները չեն կարող անվերջ կիսվել՝ տրոհումների քանակը սահմանափակ է։ Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բջիջների տրոհման գործընթացը կարող է դադարել նաև ԴՆԹ-ի վնասվելու, թթվայնացման սթրեսի և այլ գործոնների պատճառով։ Ծերացող բջիջները կորցնում են տրոհվելու ունակությունը, կուտակվում են օրգանիզմում և բորբոքում ու ծերացում են առաջացնում։

«Այսինքն, եթե այդ բջիջները հեռացնենք, հնարավոր կլինի կասեցնել բորբոքային պրոցեսները, հետևաբար՝ զգալիորեն բարելավել ծերացման նշանները»,-ասել է Նականիսին։

Գիտնականները պարզել են, որ ծերացող բջջի համար կենսական նշանակություն ունի GLS1 ֆերմենտը, որը սերտորեն կապված է գլուտամինի մեթաբոլիզմի հետ։ Ապրելու և թթվային միջավայրը չեզոքացնելու համար բջիջն ամոնիակի կարիք ունի, որը ստացվում է գլուտամինի՝ գլուտամինային թթվի վերածվելու դեպքում, երբ հարկավոր է GLS1 ֆերմենտը։

Ուստի, օգտագործելով դրա ինհիբիտորը՝ այսինքն արգելակող նյութը, կարելի է ոչնչացնել բոլոր բջիջները, որոնք բորբոքում են առաջացնում, այդ թվում՝ ծերացող բջիջները։

Որպես ինհիբիտոր սկսեցին օգտագործել մի պրեպարատ, որն արդեն գոյություն ունի և կլինիկական փորձարկումներ է անցնում որպես դեղամիջոց քաղցկեղի որոշ տեսակների դեմ, որոնց բջիջների աճը ևս կախված է GLS1-ին։ Այն ներարկել են ծեր մկանը, որի արդյունքում մի շարք փոփոխություններ գրանցվեցին ծերունական հիվանդությունների մասով։ Ավելի լավ սկսեցին գործել երիկամները, բարելավվեցին արյան ցուցանիշները, փոփոխություններ նկատվեցին լյարդում և թոքերում։ Թուլացան շաքարախտի և աթերոսկլերոզի ախտանիշները։

Ըստ պրոֆեսորի՝ հաջողության դեպքում մարդը կկարողանա առողջ ապրել մինչև 100 տարի։

«Նա կպահպանի առողջությունը և ծերունական հիվանդություններ չի ունենա՝ տարբերությունն առողջ վիճակի և մահվան միջև կկրճատվի՝ հասնելով զրոյի»,-ասել է գիտնականը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---