Ղարաբաղյան շարժման մեկնարկից 33 տարի է անցել20 փետրվարի 2021 - 12:36 AMT PanARMENIAN.Net - 1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավ շրջադարձային` Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այդ օրից անցել է 33 տարի և, ինչպես իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, «այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած»: 2020-ի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից Արդբեջանի դեմ սկսված 44-օրյա պատերազմի արդյունքում և ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակող հայտարարությամբ մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանները հանձնվեցին Ադրբեջանին, հայկական կողմը կորցրեց ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, ռուս խաղաղապահների տեղակայվեցին, պայմանավորվածություն է հաստատվել Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև։ Եղան հազարավոր զոհեր և վիրավորներ, բազմահազար տեղահանվածներ, Արցախի մեծ մասի կորուստ։ 1988-ի փետրվարին, պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ: 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ շրջանային խորհրդի և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացվեց, որտեղ բնակչության մեծ մասը՝ 99,89 տոկոսը արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախություն ստանալու օգտին: Դեկտեմբերի 28-ին դրան հաջորդած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը: Օգտագործելով իր տարածքում եղած ԽՍՀՄ ԶՈւ 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես հայտնի է, պատերազմը սկսվեց 1991-ի աշնանը և շարունակվեց փոփոխական հաջողությամբ մինչև 1994-ի մայիս: Եղավ մի ժամանակահատված, երբ ԼՂ տարածքի 60 տոկոսը օկուպացված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը ենթարկվում էին չդադարող զանգվածային ավիահարձակումների ու գնդակոծությունների: 1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին ու Լաչինի շրջանում միջանցք բացեցին՝ կապելով ԼՂՀ-ն Հայաստանին, դրանով իսկ մասնակիորեն ճեղքելով ԼՂՀ բազմամյա շրջափակումը: 1992-ի հունիս-հուլիսին ադրբեջանական բանակի հարձակման արդյունքում հակառակորդին հաջովեց զավթել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի մեծ մասը, Մարտունու, Ասկերանի ու Հադրութի շրջանների մի մասը: Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու նպատակով կյանքը ԼՂՀ-ում ամբողջովին ռազմական պահանջներին ենթարկվեց՝ 1992-ի օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ ինքնապաշտպանության կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Ինքնապաշտպանական ուժերի ջոկատները վերակազմավորվեցին և խիստ կարգապահության ու միասնական հրամանատարության հիման վրա կազմավորեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: ՊԲ-ին հաջովեց ազատագրել նախկինում Ադրբեջանի կողմից զավթված ԼՂՀ տարածքի մեծ մասը՝ ռազմական գործողությունների արդյունքում գրավելով նաև Ադրբեջանի մերձակա մի քանի շրջաններ, որոնք կրակակետերի էին վերածված: Հենց այդ անվտանգության գոտու ստեղծումը թույլ տվեց կանխել խաղաղ բնակչությանը սպառնացող անմիջական վտանգը: 1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |