Ավինյան․ Խնդիր ունենք Շարժման գաղափարները համապատասխանեցնել մարտահրավերներին և հասնել Արցախի ճանաչմանը

Ավինյան․ Խնդիր ունենք Շարժման գաղափարները համապատասխանեցնել մարտահրավերներին և հասնել Արցախի ճանաչմանը

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 33-ամյակի առթիվ, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խնդիր ունենք Շարժման գաղափարները համապատասխանեցնել առկա մարտահրավերներին և հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը։

«Այսօր լրանում է Արցախյան շարժման 33 ամյակը: Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով:

Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով:

Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել: Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը:

Շնորհավորում եմ Արցախյան շարժման հիմնադիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս այս հիշարժան տարեդարձի առթիվ՝ համոզված, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Շարժման սահմանած իրավա-քաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից»,-ասվում է ուղերձում:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---