Չավուշօղլու․ ՀՀ դրական քայլերին Ադրբեջանի հետ միասին դրական կարձագանքենք

Չավուշօղլու․ ՀՀ դրական քայլերին Ադրբեջանի հետ միասին դրական կարձագանքենք

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ ասուլիսում անդրադառնալով ԼՂ շուրջ վերջին զարգացումներին, ասել է, որ Հայաստանի դրական քայլերին Ադրբեջանի հետ միասին դրական կարձագանքեն։

Լրագրողի հարցին, թե արդյոք համագործակցության ծրագիր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, Չավուշօղլուն ասել է. «Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»,- գրում է Ermenihaber-ը:

Չավուշօղլուն, հերթական անգամ հիշեցնելով իր երկրի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին, հայտնել է, որ Թուրքիան աջակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի վերակառուցմանը, խաղաղությանը և բարօրությանը: Նաև տեղեկացրել է, որ թեմայի շուրջ զարգացումները քննարկվել են երկկողմ ու եռակողմ հանդիպումների ընթացքում:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև այդ գործընթացում Վրաստանին ևս ներգրավելու համար:

«Հուսով եմ՝ Վրաստանը նույնպես մասնակցություն կունենա: Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից հետո ավելի կարագանա այս նախագծերի իրականացումը, ինչից կշահեն բոլորը»,- ասել է նա։

Հունվարին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան PanARMENIAN.Net ի հարցին, ասել է․ «Թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---