«Առաջինը Սարգսյանն է խոսել»-ից մինչև «Խնդիր լինել չէր կարող»․ Քոչարյանն ու Օհանյանը՝ «Իսկանդերի» չկրակելու մասին

«Առաջինը Սարգսյանն է խոսել»-ից մինչև «Խնդիր լինել չէր կարող»․ Քոչարյանն ու Օհանյանը՝ «Իսկանդերի» չկրակելու մասին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել են «Իսկանդերի» կրակել-չկրակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Փաշինյանը խոսել է «Իսկանդերներից», քանի որ առաջինը դրանց մասին խոսել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Քոչարյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նա նշել է, թե Սարգսյանի կողմից «Իսկանդերների» թեման բացելն անթույլատերելի էր, և ինքը դա կրկին չի անի, չի էլ մեկնաբանի՝ կրակել է այդ զենքը, թե՝ ոչ։

«Ես չգիտեմ «Իսկանդերի» կրակոցը որ ուղղությամբ էր։ Ես չեմ հաստատի կամ չեմ հերքի։ «Իսկանդերը» աշխատում է, թե չէ, կարծում եմ ՀՀ վարչապետի կողմից հնչեցված տեսակետը ուսումնասիրման կարիք ունի»,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝ «Իսկանդերի» արդյունավետությունը փակ տեղեկատվություն է, բայց ԶՈւ հրամանատարությանն այդ տեղեկությունը պետք է հայտնի լիներ։ «Իսկանդերի» վերաբերյալ որևէ ստուգում չի իրականացվել անգամ իշխանափոխությունից հետո։

«Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարող են այդպիսի կասկածներ լինել, այն էլ` «Իսկանդերի» պարագայում»,- ասել է նա։

Քոչարյանը նաև «սուտ» է որակել Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի հայտարարությունը, թե «Իսկանդերը» կրակել է Շուշիի ուղղությամբ։

Սեյրան Օհանյանը, իր հերթին, չի մեկնաբանել Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությունը։

«Ես ասել եմ ՝ «Իսկանդերի» մասին հարցրեք Պաշտպանության նախարարությունից, որովհետև ես տեղյակ չեմ ՝ երբ են կիրառել, ոնց են կիրառել», - Aysor.am-ին ասել է Օհանյանը՝ վստահեցնելով, որ «Իսկանդերի» հետ կապված խնդիր չի կարող լինել։

Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - հայտարարել էր Փաշինյանը:

Ընթերցեք նաև․ «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունները՝ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---