Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է բացվել

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է բացվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունն է կայացել: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն միասին հյուպատոսության վրա բարձրացրել են նախօրեին Էրբիլի հայկական եկեղեցում օծված ՀՀ պետական դրոշը:

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը ներկայացրել է դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և դրա կյանքի կոչման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Ապիտոնյանն էլ նշել է, որ Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև դինամիկ զարգացող հարաբերությունների հիմքում են ընկած երկու ժողովրդի պատմական ամուր կապերն ու բարեկամությունը:

«Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը, որի առհավատչյան Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկն է: Հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն են հաստատել այս երկրում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում և արժանացել իշխանությունների բացառիկ բարյացկամ վերաբերմունքին։ Ուստի այսօր պատահական չէ, որ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել այստեղ՝ իր նպաստը բերելով այն երկրի զարգացմանը, որի քաղաքացին է հանդիսանում» - նշել է նախարարի տեղակալը:

Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով է հղել արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Վերջինս բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացավ լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին:

Փետրվարի 24-ին Իրաք այցի շրջանակում Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ: ՔԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---