ԱԺ-ի կոչը միջազգային կառույցներին՝ դատապարտել Ադրբեջանի վարքագիծը գերիների հարցում

ԱԺ-ի կոչը միջազգային կառույցներին՝ դատապարտել Ադրբեջանի վարքագիծը գերիների հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը, միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը գերիների հարցում։ Նախագծի համահեղինակ Թագուհի Թովմասյանը հրապարակել է հայտարության տեքստը։

ԱԺ-ն ավարտել է «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության քննարկումը փակ կարգով, տեղեկացնում է, Shantnews.am-ը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «ԱԺ-ն արձանագրում է, որ 2020թ-ի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ ու ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված Ադրբեջանի ագրեսիայից անցել է շուրջ 4 ամիս, սակայն գերության մեջ են զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում և կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:

Այդուհանդերձ, Ադրբեջանը կոպտորեն խախտելով, ոտնահարելով միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները, խախտելով ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելիորեն ձգձգում նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ փաստացիորեն վերածելով նրանց պատանդների՝ զրկված դատական պաշտպանության միջոցից»:

ԱԺ հայտարարությունում ներառվել են նաև միջազգային այն կոնվենցիաները, որոնք դատապարտում են ռազմական գործողությունների դադարից հետո ռազմագերիների ու քաղաքացիական անձանց պատանդառությունը: Դրանք են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիան», «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2018-ի միջազգային կոնվենցիան և այլն:

Հայտարարությունում նաև նշվում է, որ գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի հայտարարությունում արձանագրված է, որ տեղի է ունենում փոխանակում, հայկական կողմն իրականացրել է իր պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել իր մոտ պահվող անձանց:

«ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող անձանց հայրենադարձումը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»,-ասվում է ԱԺ հայտարարության մեջ:

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---