ՄԻՊ-ը գերիների հարցը բարձրացրել է Բունդեսթագում հատուկ քննարկմանը

ՄԻՊ-ը գերիների հարցը բարձրացրել է Բունդեսթագում հատուկ քննարկմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը բարձրացրել է Գերմանիայի Բունդեսթագում Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ առցանց հատուկ քննարկման ժամանակ։ Թաթոյանը հանդես է եկել առանձին զեկույցով։

Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդթի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։ Դրան մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր:

Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

ՄԻՊ-ը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին:

Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցները ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty international իրավապաշտպան կազմակերպությանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---