5 մարտի 2021 - 13:54 AMT
Մարտի 7-ին Շուռնուխում ՀՀ եռագույնը կտեղադրվի, 30 մ բարձրությամբ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ մարտի 7-ին Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի 30 մ բարձրությամբ հայկական եռագույնը, ասվում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Հայաստանում ամենաբարձր դրոշն առաջինը տեղադրվել է Կապանում, այժմ` Շուռնուխում։

«Սահմանամերձ բնակավայրերում մենք շարունակելու ենք արարել, անկախ ամեն ինչից, պարտավոր ենք պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը։

Կմատուցվի նաև մատաղ, բնակավայրում տեղի կունենան մշակութային միջոցառումներ, համայնքի բոլոր բնակավայրերը կներկայանան ավանդական ճաշատեսակներով։ Միջոցառումների մեկնարկը՝ 14։00-ից»,- ասվում է գրառման մեջ։

Մարտի 7-ին՝ առավոտյան ժամը 10։00-ից, Գորիսի Տաթևացու անվան հրապարակից միկրոավտոբուսներն անվճար կտեղափոխեն դեպի Շուռնուխ, իսկ միջոցառումների ավարտին` դեպի Գորիս։

Նշվում է, որ նախաձեռնությունը շարունակական կլինի համայնքի սահմանամերձ բոլոր բնակավայրերում։

«Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 17-ին, Կապանում, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, տեղադրվել է Հայաստանում թերևս ամենաբարձր`30 մ բարձրությամբ դրոշը։