Արցախում քննարկել են առողջապահության համակարգի արդիականացումը

Արցախում քննարկել են առողջապահության համակարգի արդիականացումը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է, որտեղ իր պաշտոնակից Միքայել Հայրիյանի հետ քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը:

Կողմերը քննարկել են նաև համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։

Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նախարար Ավանեսյանը եղել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, ապա այցելել ԱՀ ԱՆ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»:

Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նախարարին ծանոթացրել է հաստատության հագեցվածությանն ու պացիենտների բուժման ընթացքին:

Այնուհետև նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Հանդիպմանը քննարկվել են պետությունների առողջապահության ոլորտների համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մարտիրոսյանն ընդգծել է ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների միջև գործակցության բարձր մակարդակը, ինչը, հատկապես, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հաջողությամբ շարունակվում է:

Հագեցած օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, ում շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:

ԱՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2395 դեպք: Կատարվել է 20 886 թեստավորում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---