Փորձություն Ազոյանով

Փորձություն Ազոյանով

PanARMENIAN.Net - Հովհաննես Ազոյանն աշխարհին հայտնի ամենահիմար կերպով հույս հայտնեց, որ «պարոն Ալիևի» դեմքին վերջապես խաղաղություն կա, ու (հեղինակի կարծիքով՝ հաշվի առնելով իր հանրային կերպարը՝ լիովին արդարացված) ստացավ բազմաթիվ հայհոյանքներ ու ամոթանքներ։ Իր հետ ասոցացվող սրճարանի բոյկոտի կոչեր են հնչում, օբյեկտը հայտարարում է, որ այն իր հետ վաղուց կապ չունի, և այլն։ Սակայն գրառումը Հովոյի մասին չէ, քանի որ ամենահեշտ ու հաճելի բանն է հայհոյել նրան կամ կրծքի և գլխի մազերը պոկելով գոչել «էս ինչպե՞ս ստեղ հասանք»։ Գոչելուց հետո հարց է ծագում. ստեղ՝ ո՞ւր։ Այստեղից պետք է սկսենք խոսակցություն այն մասին, որ սեպտեմբերի 26-ի Հայաստանն էլ գոյություն չունի ոչ միայն ֆիզիկապես՝ սահմանների առումով, այլև ժողովրդի ու հասարակության արժեքների ու իղձերի։ Ճառեր ու մտքեր, որոնք առաջ պատկերացնել հնարավոր չէր, այժմ դառնում են երևելի։

Այսպես, Gallup-ի հարցումներից մեկի համաձայն՝ մոտ 20%-ը համաձայն է կորցրած համարել նախկին ԱԽՍՀ 7 շրջանը, համարյա 28%-ը համաձայն է մոռանալ նաև Հադրութն ու Շուշին, իսկ մոտ 3%-ը պատրաստ է զիջել անգամ Արցախի մնացորդները։ Նրանք, ովքեր ուզում են վերադառնալ սեպտեմբերի 26-ի սահմանին, փոքրամասնություն են՝ մոտ 30%, 18%-ն էլ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել հարցին։

Այսինքն, նույնիսկ եթե մոռանալ 7 շրջանի մասին, նրանք, ում Շուշին ու Հադրութն այլևս պետք չեն, մոտ 8%-ով ավելի շատ են, քան նրանք, ում դրանք պետք են։ Հովհաննես Ազոյանը՝ հիմար կերպ, բարձրաձայնել է այն, ինչն ուրիշները մտածում, բայց ասել ամաչում են։ Կրկնվեմ՝ 28%-ը համաձայն է կորցրած համարել Հադրութն ու Շուշին։ Այսինքն՝ դուք կարող եք դուրս գալ փողոց և հայհոյել պատահական անցորդներին այն բանի համար, ինչի համար հայհոյել եք Հովոյին՝ ու (չպատասխանածների թիվը հաշվի առնելով) ամեն 5-6-րդը կարող է ընդունել հայհոյանքն իր հաշվին։ Երևի կլռի, քանզի այդ մտքերը «մոդայիկ» չեն կամ կարելի է արտահայտել Փաշինյանի միտինգին, բայց ոչ պատահական անցորդին։ Ինչևէ՝ ազոյանները երևույթի սիմպտոմ են, իսկ սիմպտոմը հայհոյել, իհարկե, կարելի է, սակայն խելոք մարդիկ սիրտը թեթևացնելուց հետո դրա պատճառն են նստում, հասկանում։

Կարճ սյունակի ձևաչափով դա անելն անհնար է. սակայն ակնհայտ է, որ սովորական հայ մարդն իր «ինչ անել» խոհերի հետ թողնվել է մեն-մենակ։ Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մտավորականությունը, ո՛չ այլ կառույցներ ու խմբեր՝ սփյուռքից թե արտերկրից, չեն դնում ժողովրդի, բանակի, հասարակության անհատի առաջ նպատակներ ու դրանց իրագործման ճանապարհներ։ Հադրութը հետ բերում ե՞նք, թե՝ ո՞նց։ Եթե բերում ենք՝ ո՞նց ենք բերում։ Եթե չենք բերում՝ ի՞նչ հարաբերություններ ենք Ադրբեջանի հետ ուզում կառուցել։ Այս խոսակցությունները կան խոհանոցներում ու տրանսպորտում, «բիսեդկաներում» ու փողոցում, բայց հանրային ու քաղաքական կյանքից բացակայում են։

Եվ ուրեմն, արժե՞ իր «էլիտայի» կողմից կենսական նշանակության հարցը բրախլամա անելու համար նեղանալ քաղաքացուց։ Թե՞ «էլիտային» է պետք՝ ականջից քաշելով, բերել ու վերջապես կարևորի մասին խոսել ու մտածել ստիպել։

Հ․Գ․ Դերասանի հայտարարության հաջորդ իսկ օրն ինքը՝ «պարոն Ալիևը» հրամայեց սրբել Ծակուռի գյուղի եկեղեցու հայկական հետքը։ Կասկածից վեր է, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև այլ եկեղեցիներին կամ առնվազն դրանց ճնշող մեծամասնությանը։ Բայց մի կարևոր միտք Ալիևը, այունամենայնիվ, ասաց՝ ինչի՞ են հայկական եկեղեցու քարերի վրայից հայերն իրենց անունները գրում՝ «Կամո» կամ «Մարտա»։ Հայաստանի մի ծայրից մյուսը հարյուրավոր եկեղեցիներում այդ պատկերն է։ Անպայմա՞ն է հասցնել այդ վիճակին, որ թշնամին սեփական մշակույթը քաքմեջ անելը մեր աչքը մտցնի։ Սա էլ մի այլ խոսակցության թեմա է...

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---