ՄԻՊ․ Ապրիլի 7-ին բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների անհամաչափ ուժից

ՄԻՊ․ Ապրիլի 7-ին բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների անհամաչափ ուժից

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին կանանց բողոքի ակցիայից և մասնակիցներին բերման ենթարկելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացրել են այցեր ոստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ:

Կառավարության շենքի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում «ՎԵՏՕ» շարժման անդամ մի խումբ կանայք։ Բերման էր ենթարկվել 15 մասնակից։

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից։ Նշվում է, որ այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին։

Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Դրանք չեն ներկայացվել նաև ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները:

Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ: Օրինակ` ազատությունից զրկված կանանցից մեկը նշել է, որ իրեն բերման է ենթարկել ոստիկանության 4, իսկ մյուսը` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ: Նմանատիպ խնդիր բարձրացրել են այլ բերման ենթարկվածներ ևս:

Այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրմանը:

Նշվում է, որ այցերի ընթացքում ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները:

«Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված՝ պարզաբանումներ կպահանջվեն ոստիկանությունից»,-ասվում է հայտարարության մեջ:

Փաշինյանի հրաժարականy պահանջող ցուցարարները հավկիթներ և կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ և փորձել են ներս մտնել։ Ոստիկանները թույլ չեն տվել և բերման են ենթարկել ակցիայի որոշ մասնակիցների: Բերման ենթարկվածների թվում եղել են պատերազմում զոհվածների հարազատներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---