2020-ին կոռուպցիոն գործերով քրհետապնդման է ենթարկվել 26.6%-ով ավելի պաշտոնյա` 671

2020-ին կոռուպցիոն գործերով քրհետապնդման է ենթարկվել  26.6%-ով ավելի պաշտոնյա` 671

PanARMENIAN.Net - 2020թ. ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն 2019թ. համեմատ 2020թ. 11.9%-ով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը, տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։

2020-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրգործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը 2019-ի համեմատ (530) ավելի է 26.6%-ով: Նրանց թվում են ՀՀ պաշտոնաթող նախագահ, ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր, նախարարներ, նախարարի տեղակալներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ և այլ պաշտոնյաներ, համայնքների 100-ից ավելի ներկա ու նախկին ղեկավարներ, առանձին պետական ընկերությունների տնօրեններ:

2020-ին ավարտին է հասցվել կոռուպցիոն բնույթի 716 քրեական գործի վարույթ, որից 183 քրգործ՝ 410 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Տարվա ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2535 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1356 անձ, ինչը 2019-ի համեմատ ավելի է 7.3%-ով։

204 անձի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել է, որոնցից 61 տոկոսը՝ ոչ արդարացման հիմքերով: Նշվում է, որ լուրջ աշխատանք է կատարվել հատկապես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման ոլորտում: Մասնավորապես, կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով մոտ 223%-ով կամ 2․5 մլրդ դրամի չափով ավելի վնաս է վերականգնվել (2019թ․՝ 2 մլրդ դրամ, 2020թ․-ին՝ 4․5 մլրդ դրամ գումար)։

Իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է մոտ 227 մլրդ դրամ՝ 2019թ.-ին արձանագրված մոտ 105.7մլրդ դրամի դիմաց: 2020թ. ընթացքում քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է մոտ 14.2 մլրդ դրամի վնաս՝ կամ 2019թ.-ի համեմատ մոտ 12.6%-ով ավելի:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով արգելանք է դրվել 84.5մլն դրամի, մոտ 5.9մլրդ դրամ հաշիվների, 87 անուն շարժական և 149 անշարժ գույքի ու 22 հողատարածքի վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---