ՄԻՊ զեկույց․ Covid-19-ով ոչ պատշաճ հոսպիտալացումներ, պոլիկլինիկաների հանդեպ անվստահություն

ՄԻՊ զեկույց․ Covid-19-ով ոչ պատշաճ հոսպիտալացումներ, պոլիկլինիկաների հանդեպ անվստահություն

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել Covid-19 համավարակի պայմաններում պացիենտներից ստացվող ահազանգերին՝ հակաբիոտիկներ չստանալու, թեստերի տարբեր արդյունքների, հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ, որոնք նաև լուծվել են ՄԻՊ աջակցությամբ: Օրինակ՝ կորոնավիրուսային վարակով և հաստատված թոքաբորբով պացիենտները իրազեկված չեն եղել դեղ ստանալու իրենց իրավունքի մասին:

Բողոքների ուսումնասիրությունը վկայել է, որ հոսպիտալացումների կազմակերպումը համակարգված չի եղել, երբեմն ավելի ուշ հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակով հիվանդները, քան մյուս հիվանդները, քանի որ վերջիններս ունեցել են առավել մեծ «հնարավորություններ»:

2020-ին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում պոլիկլինիկաների նկատմամբ անվստահություն է նկատվում։ Նշվում է՝ չնայած նրան, որ պոլիկլինիկաներն անվճար են բոլորի համար, քաղաքացիների զգալի մասը խուսափում է դրանց ծառայությունից օգտվելուց՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը։

Նշվում է, որ բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է բնակչության համար անհրաժեշտ բուժօգնության տեսակի բացակայության և աշխարհագրական անհավասարակշիռ լուծումների տեսանկյունից։ Օրինակ՝ գյուղական բնակավայրերում մասնագիտացված բժիշկների, բժշկական սարքավորումների և պարագաների բացակայությամբ պայմանավորված՝ մարդիկ ստիպված են լինում լրացուցիչ ծախսեր անել և բուժօգնություն ստանալ մարզկենտրոնում, հիմնականում՝ մայրաքաղաքում:

Պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որ պետպատվերի շրջանակում բժշկական օգնություն ստանալու դեպքում արժանանում են անտարբեր, երբեմն՝ կոպիտ վերաբերմունքի, ստանում անորակ բուժօգնություն. կա՛մ թանկարժեք դեղորայքի անհասանելիության, կա՛մ ուշադրության պակասի պատճառով:

Այս պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի լուծումը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն է, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում:

Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պարտադիր մասնակցության պայմանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---