ԱԽ-ն Օնիկ Գասպարյանի զեկույցի մասով գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

ԱԽ-ն Օնիկ Գասպարյանի զեկույցի մասով գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

PanARMENIAN.Net - Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել:

Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Գասպարյանն արձագանքել է վարչապետին և կրկին պնդել, որ պատերազմի 4-րդ օրն ասել է իշխանություններին, որ այն պետք է կանգնեցնել։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։

Անվտանգության խորհրդի գրասենյակը նաև որոշ պարզաբանումներ է ներկայացրել․

«Դեռ նոյեմբերին Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները»:

Սակայն Գասպարյանի նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին Գասպարյանը զեկուցողների ցանկում, ըստ կառույցի, չի եղել (նիստում երկու զեկուցող է եղել), ինչը հավաստում է ԱԽ-ի նիստի արձանագրությունը (քաղվածք № 1):

Հաջորդիվ Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Ներկայացվել են նաև ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » հավելելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

«Պարզաբանման համատեքստում ներկայացվել է նաև ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 3), որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « ... Արևելյան օպերացիոն ուղղությունում ..... և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, ... » հավելելով, որ՝ « ... Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում ... »: Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ», - ասված է ԱԽ հայտարարությունում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---