3 մայիսի 2021 - 10:57 AMT
ԼՂ ԱԺ նախագահ․ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, արձագանքելով Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան գրառմանը, ըստ որի ամռանը «Ստեփանակերտն անցնելու է Բաքվի հսկողությանը», հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։

Նա նշել է, որ դա ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի շարունակություն է։

«2020թ. նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։ Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ՝ ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։ Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության երաշխիքի հետ միասին Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։

Անվտանգություն և հստակ կարգավիճակ․ դրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։

Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ։ Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ»,-նշել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը»,- ասված է Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը Twitter-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել էր․ «Կարծես, շարքային հայերն ու հայկական սփյուռքը նոյեմբերի 10-ի փաստաթղթի մանրամասների մասին տեղեկեցված չեն։ Այնտեղ հստակ ասվում է, որ Ստեփանակերտն ու ԼՂ մյուս քաղաքներն աստիճանաբար անցնելու են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։ Հարցրեք Նիկոլ Փաշինյանին»։Նա հավելել է նաև, որ հունիսին Ստեղփանակերտը լիովին լինելու Ադրբեջանի հսկողության տակ «լինի դա խաղաղ, թե ուժով»։