ԱԺ պատգամավորները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

ԱԺ պատգամավորները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավորները խորհրդարանի շենքում պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով, պատգամավորները պատվաստվել են ըստ ընթացակարգի։

«Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով, իսկ 55 և բարձր տարիքի քրոնիկ հիվանդություն ունեցողները՝ կամ Sputnik V-ով, կամ՝ AstraZeneca-ով»,-ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Զեյնալյանը նշել էր, որ բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն կտրվի։

Ըստ պատգամավորի, նման ակցիաներից հետո հանրության մոտ պատվաստանյութերի հետ կապված վստահությունն ավելանում է։

«Համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն 1/3-ը պիտի պատվաստվի»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, Զեյնալյանը նկատեց, որ ցանկացած դեղամիջոց, այդ թվում և պատվաստանյութերն ունեն լրացուցիչ ռիսկեր։

«Ցանկացած դեղ, որ դուք խմում եք որևէ գանգատի դեպքում, ունի կողմնակի ազդեցություն։ Վստահեցնում եմ՝ դրանք շատ ավելի ռիսկային են, քան պատվաստանյութերը։ Բայց մենք երբևէ չենք խորանում, թե ինչ հակացուցում ունի, օրինակ՝ ասպիրինը»,- կարծիք է հայտնել նա։

Զեյնալյանը հավելել է, որ AstraZeneca-ով պատվաստվելու դեպքում 1 միլիոն բնակչության շրջանում գրանցվել է մահվան 4 դեպք, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր չինական արտադրության «ԿորոնաՎակ» պատվաստանյութով:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հարկավոր է ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստման ծավալները և նշել, որ դա ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական կարևորություն ունի, հատկապես զբոսաշրջության առումով։ Փաշինյանը պատվաստվել էր մայիսի 3-ին և հորդորել էր բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Երևանի փողոցներում նաև շարժական բուժկետեր են տեղադրվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---