ԱԱԾ-ն 1000 եվրոյի շորթման դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն 1000 եվրոյի շորթման դեպք է բացահայտել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը խոշոր չափերի շորթման դեպք է բացահայտել: Պարզվել է, որ Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք-ի և Երևանի բնակիչ Ա.Մ-ի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է տվել մշտապես ընդգծել իր անձնային առավելությունը Հ.Ք-ի նկատմամբ, ինչի պատճառով Հ.Ք-ն խուսափել է նրա հետ շփումներից:

Գիտակցելով Հ.Ք-ի նկատմամբ առավելություն ունենալու հանգամանքը և օգտվելով նրա խոցելի վարքագծից՝ Ա. Մ-ն Հ.Ք-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով 2021-ի մայիսի 3-ին կայացած հերթական հանդիպման ընթացքում Հ.Ք-ից շորթման եղանակով պահանջել է խոշոր չափերի՝ 627,410 դրամին համարժեք 1000 եվրո գումար, ինչի արդյունքում վերջինս հարկադրված տվել է իր համաձայնությունը:

Նախկինում ավազակություն կատարելու համար դատապարտված Ա.Մ-ն, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, 2021-ի մայիսի 6-ին Աբովյան քաղաքում Հ.Ք-ից ստացել է պահանջված 1000 եվրոն և փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում բռնվել և բերման է ենթարկվել ԱԱԾ կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շորթված գումարն ամբողջությամբ:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում Ա.Մ-ն ձերբակալվել է:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների արդյունքում Ա.Մ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր այլ տուժողների առկայությունը պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---