Սերժ Սարգսյանի անունը չի լինի նախընտրական ցուցակում

Սերժ Սարգսյանի անունը չի լինի նախընտրական ցուցակում

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունը չի լինի «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում։ Այդ մասին նա ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման հուշագրի ստորագրումից հետո։

«Ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում. նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն։ Իսկ ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։ Ես իմ խորհուրդներով ընդամենն օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ ինչո՞ւ՝ շատ պարզ, ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոնում», - ասաց Սերժ Սարգսյանը, գրում է Aysor.am-ը։

Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի կարող և բարոյական իրավունք չունի մի կողմ քաշվելու ու անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին:

Խոսելով «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելու և այն կարծիքների մասին, թե Արթուր Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկն էր, ինչպե՞ս կարելի է նրա հետ դաշինք կապել՝ ասել է․ «Շատ պարզ: Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին»:

«Ավաղ, նրան չլսեցին: Ասեմ ուղիղ՝ դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը: Սա ասելով, իհարկե, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր պրոբլեմը, իր ցավն ամենացավոտն է համարում: Սակայն անձնական զգացողությունները, ամբիցիաներն ու քաղաքական կոնյուկտուրան անցողիկ են և խիստ երկրորդական՝ այն առաքելության համեմատ, որ ունի յուրաքանչյուր գիտակից հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում»,-ասել է նա:

Սարգսյանն ասել է նաև, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը և պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցը, իր փորձը, գիտելիքն ու կարողությունները, պահպանողական գաղափարախոսությունը համադրում է երիտասարդ քաղաքական ուժի՝ «Հայրենիք» կուսակցության արդիական, թարմ մոտեցումների, համարձակ նախաձեռնությունների, նոր ավյունի ու եռանդի հետ՝ վստահությամբ, որ կուսակցությունը իր երիտասարդ, բայց պետական համակարգում ճանապարհ անցած առաջնորդի՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ հանրապետականների հետ կդառնա ամուր և ժամանակակից պետություն կառուցելու ջատագովն ու առաջամարտիկը:

«Մեր դաշինքում հավաքված են պատվախնդիր մարդիկ, և մենք պատրաստ ենք հանուն մեր պետության, մեր երեխաների ապագայի համագործակցել պատվախնդրություն ունեցող բոլոր անձանց, հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ, իսկ նրանք, հավատացեք, քիչ չեն»,-ասել է նա։

Խորհրդարանական արտհերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---