20 մայիսի 2021 - 18:37 AMT
ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Սյունիքում․ Տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ու Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները։ Այդ մասին տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ով դեսպանների հետ այցելել է Սև լճի մոտակա տարածք, ասել է, որ ԵՄ-ն ինչպես ցանկացած պարագայում, այնպես էլ հիմա հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, տեղեկացնում է Factor.am-ը։

Վիկտորինը նշել է նաև, որ այցի նպատակը փաստահավաք առաքելություն իրականացնելն է իրադարձություններին տեղում ծանոթանալը:

«Հույս ունենք խաղաղ պայմաններում վերադառնալ Սյունիք և քննարկել Սյունիքի զարգացման ծրագրերը»,-ասել է դեսպանը:

Սյուքիք են այցելել նաև ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին, Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հայաստանում Ֆրասնիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար Քրիստոֆ Բարտզակը, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ ՀՀ տարածքում այժմ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա և իրավիճակը լարված է մնում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։