ԱԳՆ ղեկավարը հակապետական գործընթացի մասին է ակնարկել իր հրաժեշտի խոսքում

ԱԳՆ ղեկավարը հակապետական գործընթացի մասին է ակնարկել իր հրաժեշտի խոսքում

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Իր խոսքում Այվազյանը, մասնավորապես, նշել է. «Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների:

Երբ ստանձնեցի այս պաշտոնը, ես հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, և մինչև այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ: Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք, այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը: Այս տարի, երբ լրանում է մեր նախարարության 30-ամյակը, կարևոր շրջան է, հասունության շրջան է. կարծես թե մենք այս ողջ ընթացքում պատրաստվում էինք այս օրերին, այս ժամանակներին:

Իսկապես շատ բան է արվել, ես հիմա չեմ ցանկանում թվարկել, և ոչ էլ ուզում եմ գնահատական տալ. դա հետագայի համար է։ Բայց կարծում եմ` մենք բոլորս կարող ենք բաց ճակատով դուրս գալ փողոց և քայլել։ Կարծում եմ` մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև․․․»։

Այվազյանը հավելել է, որ շատ դժվարությամբ է այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել է այս պաշտոնը, իր համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։

«Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով։

․․․ Եվ իմ խորհուրդը. ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար։ Մեկ անգամ ևս շատ շնորհակալություն և ձեզ ամենայն բարիք»,-ասել է Այվազյաննն իր հրաժեշտի խոսքում։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե վարչապետի ԺՊ-ի առաջարկն ինչ առնչություն ունի Այվազյանի հրաժարականի հետ, ասել է, որ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստից առաջ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրել էր հայտարարության բովանդակության մասին, որի հետ կապված Այվազյանի կողմից առարկություն չի հնչել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---