Գրիգորյան․ Առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի վերականգնման հնարավորությունները

Գրիգորյան․ Առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի վերականգնման հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՀՀ-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։

«2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն` ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ։ Դրանք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում այս պահին շարունակվում է միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերի ուսումնասիրությունը։ Դրանք ուսումնասիրվում են ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում ՀՀ-ն:

Նույն համատեքստում, ըստ Գրիգորյանի, գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները:

«Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները: Կարծում եմ` առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ»,–ասել է Գրիգորյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկելու:

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբը, որը ՀՀ կողմից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գործում է նաև երեք ենթախումբ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է Զանգեզուրի միջանցք բացելու և Ադրբեջանի ու Թուրքիայի կապը ՀՀ տարածքով ապահովելու մասին։ Հայկական կողմը պնդում է, որ ոչ մի միջանցքի մասին խոսք լինել չի կարող, այլ բացվելու են կոմունիկացիաները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---