2 հունիսի 2021 - 14:19 AMT
Փաշինյանը ֆրանսահայերին պատմել է Մակրոնի hետ հանդիպման և ռուսական կողմի հետ մշտական կապի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից։ Նրա արձանագրմամբ՝ Ֆրանսիան մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Այսօրվա քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ ներգրավված լինեն մեր տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում իրադրության (Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ տարածք, խմբ․) հաղթահարման կոնկրետ առաջարկ էի ներկայացրել, և այսօր արձանագրեցի, որ Ֆրանսիայի համար ընդունելի է այդ մոտեցումը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ նախագահ Մակրոնի հետ քննարկել են նաև, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Ղարաբաղյան հարցի կարգավորման գերծընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերականգնելու համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Փաշինյանը նշել է, որ ՌԴ-ն Հայաստսնի անվտանգային ոլորտի համար մեկ գործընկերն է, ռազմավարական դաշնակիցը։

«Անընդհատ կապի մեջ ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ։ Վերջին անգամ երեկ եմ (մայիսի 31-ին) հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ և կարող եմ արձանագրել, որ մենք, ըստ էության, նույնական մոտեցում ունենք իրադրության լուծման վերաբերյալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության սահմանից, և որն է ՀՀ սահմանը։ Դա հայտնի է բոլորին, դա Խորհրդային Հայաստանի վարչական սահմանն է։ Եվ Խորհրդային Միության վարչական սահմանը, տվյալ դեպքում Հայաստանի պետական սահմանն է։ Եվ, ընդ որում, այդ հատվածում պետական սահմանը խորհրդային ժամանակներում դեմարկացված և դելիմիտացված է» ,- հավելել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի։ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանն այս դիրքորոշումը հստակ կձևակերպի։

«Ընդ որում, մենք սա անում ենք՝ հստակ արձանագրելով, որ մեր ձեռքի տակ եղած քարտեզները, որոնք վավերացվել են Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի կնիքներով նույնական են ՌԴ արխիվներում եղած քարտեզների հետ, և երբ այդ փաստն արձանագրվի, ապա Ադրբեջանը պետք է հետ քաշվի այդ բնագծերից։ Այդ փաստի արձանագրումից հետո նրանց հետ չքաշվելը նշանակում է, որ ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածը, որը տվյալ գործողությունը որակում է որպես ագրեսիա անդամ երկրի նկատմամբ։ Եվ որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք որ և ՌԴ-ն, և ՀԱՊԿ-ը հստակ, հրապարակային այս հարցով դիրքորոշում կարտահայտեն։ Մեր ընկալումն այն է, որ այս իրավիճակը պետք է դիվանագիտական ճանապարհներով լուծվի, մենք այս պահին տեսնում ենք այդ հնարավորությունը և շարունակելու ենք ջանալ այդ ուղղությամբ։

Կան ՀԱՊԿ-ի աշխատանքային փաստաթղթեր, որոնցով ժամկետներն ու ընթացակարգերը ձևակերպվել են։ Եվ մենք հույս ունենք, որ այդ ընթացակարգերը կմեկնարկեն պատշաճ ժամկետներում կհասնեն իրենց տրամաբանական հանգուցալուծմանը»,- եզրափակել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Ֆրանսիայի ավարտվել է: ՀՀ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել, որտեղ հունիսի 2-ին Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։