ՄԻՊ․ Արավուսում ադրբեջանցիները հարվածել և ձիուց վայր են գցել հովվին, հափշտակել բջջայինը

ՄԻՊ․ Արավուսում ադրբեջանցիները հարվածել և ձիուց վայր են գցել հովվին, հափշտակել բջջայինը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարությամբ է հանդես եկել Սյունիքի ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների վերաբերյալ:

Հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից ՄԻՊ-ին ուղղվող ահազանգերին։

Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր կենդանի: Այնուհետև, նրանց հետ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, ՌԴ զինվորականների և Տեղ համայնքի ղեկավարի, Արավուս գյուղի վարչական ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում վերադարձվել են կենդանիներից 37-ը: Այս մասին եղել է նաև հրապարակում լրատվամիջոցներում:

Դեպքի հետ կապված՝ ՄԻՊ-ը պարզել է, որ Արավուս գյուղի արոտավայրում, իրենց խոշոր եղջերավոր կենդանիներն արածեցնող գյուղի 2 հովիվներին մայիսի 23-ին՝ ժամը առավոտյան 10-11-ի սահմաններում, մոտեցել են ադրբեջանական զինված մի քանի ծառայող: Սկզբում ձեռքով հարվածել և ձիուց վայր են գցել հովիվներից մեկին, որի մոտից հափշտակել են նրա բջջային հեռախոսը:

«Այնուհետև, մյուս՝ 65-ամյա հովիվի հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, պահանջել են, որ այլևս այդ արոտավայրում կենդանիներ չարածեցնեն: Հովիվը պնդել է, որ այդ արոտավայրերն Արավուս գյուղինն են, գտնվում են ՀՀ տարածում և իրենք շարունակելու են այդ վայրերում արածեցնել իրենց կենդանիներին:

Ի պատասխան՝ ադրբեջանական զինծառայողները զենքի ցուցադրումով հովիվներին տվել են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ, նրանցից մեկը բռնել է Արավուսի 65-ամյա բնակիչ հովիվին ականջներից և փորձել է գլխով հարվածել նրան: Դրանից հետո, իրենց հետ տարել են 42 խոշոր եղջերավոր կենդանիներին, 2 ձին, հովիվներից մեկի բջջային հեռախոսն ու հեռացել»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 30-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ադրբեջանական զինվորները քարեր են նետել Արավուս գյուղի հովիվի և գյուղին պատկանող արոտավայրում արածող իր կենդանիների ուղղությամբ, ինչպես նաև զենքի ցուցադրումով բարձր գոռգոռալով սպառնացել են Արավուսի հովիվին: Սպառնալիքներ են տվել նաև գյուղի այլ բնակիչների՝ խոսելով ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով: Նշված տեղեկությունները ստուգվել են և հաստատվել են Արավուսի բնակիչների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Արավուսի հետ կապված՝ ՄԻՊ աշխատակազմը պարզել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար զբաղեցրել են 64 հա ՀՀ մաս կազմող արոտավայրի ու խոտհարքի տարածք:

Մայիսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տեղ համայնքի Խնածախ գյուղի հովիվը, երբ իր խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն է արածեցրել գյուղին պատկանող արոտավայրում, իրենից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական զինծառայողները գոռգոռոցներով ու զենքի ցուցադրումով սպառնալիքներ են տվել, պահանջել են կենդանիներին չարածեցնել այդ արոտավայրում:

Դրանից բացի, ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ Խնածախում մայիսի 29-ին 5 ձի անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք, սակայն ադրբեջանական զինվորները վերադարձրել են միայն 3-ը:

ՄԻՊ ուսումնասիրությունը վեր են հանել, որ Սյունիքի մարզի նշված բոլոր՝ Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերում էլ բնակիչների իրավունքները շարունակում են կոպիտ խախտված լինել, քանի որ արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործելու հնարավոր չէ առնվազն 2 պատճառով`

1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ

2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:

Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Սյունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումները և լարվածությունը հատկապես սրվել է 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ծառայողների` ՀՀ Սև լճի տարածք կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինի ներխուժելուց հետո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:

ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:

«Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Սրանք միջազգային բացարձակ պահանջներ են, որոնք ամրագրված են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերում (ուղեցույցեր, պայմանագրեր և այլն):

Ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքներն իրար միավորող ճանապարհներին լինել չեն կարող: Միջազգային որևէ գործընթացի տեսանկյունից նկարագրված վիճակն ընդունելի չէ և չի էլ կարող լինել»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---