Գեղարքունիքում ադրբեջանցիների հետ միջադեպի հետևանքով 2 հայ զինծառայող թեթև վնասվածք է ստացել

Գեղարքունիքում ադրբեջանցիների հետ միջադեպի հետևանքով 2 հայ զինծառայող թեթև վնասվածք է ստացել

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով 2 հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։ Այդ մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

ՊՆ-ից հավելել են` միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել. այն արագ հարթվել է հրամանատարության ջանքերով:

Միջադեպի մասին այլ մանրամասներ ՊՆ-ից չեն հայտնել։

Նմանատիպ միջադեպ էր եղել նաև մայիսի 20-ին՝ Գեղարքունիքի սահմանային հատվածում Հայաստանի տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ըստ հայկական կողմի` մի քանի տասնյակ կրակոց էր արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ էին բացել։ Դրանից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---