Ոստիկանություն. Խլղաթյանը ձերբակալվել է ընտրակաշառք փոխանցելուց հետո

Ոստիկանություն. Խլղաթյանը ձերբակալվել է ընտրակաշառք փոխանցելուց հետո

PanARMENIAN.Net - Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գումարը փոխանցելուց հետո։ Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Նշվում է, որ հունիսի 10-ին ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, թե ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետը, որն ընդգրկված է նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստվում է 9 միլիոն դրամ փոխանցել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդա գյուղի բնակիչը բռնվել են 9 միլիոն դրամ ընտրակաշառքի գումարը փոխանցելու պահին ու բերման ենթարկվել բաժին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հարուցված քրեական գործի շրջանակում նրանք ձերբակալվել են։

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ավելի վաղ Ռուբեն Խլղաթյանի փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացրել էր, որ ձերբակալության իրավաչափության վերաբերյալ բողոք է ներկայացվել դատարան և հայտարարել էր, որ «ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---