Տեր-Պետրոսյանի ուղերձը․ Այս անգամ սխալվելու իրավունք չունեք

Տեր-Պետրոսյանի ուղերձը․ Այս անգամ սխալվելու իրավունք չունեք

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ընտրություններին ընդառաջ տեսաուղերձով դիմելով ժողովրդին, ասել է, որ հավատում է նրա ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ունակությանը:

«Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք»,-ասել է նա:

Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է, որ երկիրը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ ընտրություն կատարել պետականության կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև:

Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը:

«Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերը ասելիք և անելիք չունեն: Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար: Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց վարչական, ֆինանսական, լրատվական և քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից:

Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկի օգտին, ըստ էության, մասնակից կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը:

Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը: Ելքը միակն է՝ ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը»,-ասել է առաջին նախագահը:

Նա հավելել է, որ քարոզարշավի ընթացքում ՀԱԿ-ը լիովին կատարել է այդ դերը և այսուհետև էլ, նոր ձևավորվելիք խորհրդարանում, պատրաստ է շարունակել այն՝ ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---