20 հունիսի 2021 - 22:17 AMT
«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածողը ներկայացել է ոստիկանություն

«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն:

Հունիսի 20-ին սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևանի վարչություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։

Հունիսի 20-ի վաղ առավոտյան Երևանի փողոցներում, բոլոր ընտրատեղամասերի մոտ բազմաթիվ տպագիր թռուցիկներ են հայտնվել՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարի հասցեին ատեության քարոզով։

«Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ դիմել է ոստիկանություն՝ պահանջելով սեղմ ժամկետում, ընդհուպ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել դաշինքի ղեկավարների հասցեին վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։