ԵԽԽՎ ԽՎ հանձնաժողովում Սամսոնյանը խոսել է հայ գերիներին առևտրի առարկա դարձնելու մասին

ԵԽԽՎ ԽՎ հանձնաժողովում Սամսոնյանը խոսել է հայ գերիներին առևտրի առարկա դարձնելու մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովում խոսել է հայ ռազմագերիներին Ադրբեջանում առևտրի առարկա դարձնելու և ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածքային ինքնիշխան տարածքում ապօրինի գտնվելու մասին։

Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ, որովհետև խոսքը գնում է մարդու հիմնարար իրավունքների մասին։

«Ստիպված եմ ևս մեկ անգամ խոսել այստեղ այն փաստի մասին, որ Ադրբեջանը շարունակում է խախտել այդ հիմնարար սկզբունքները, չի վերադարձնում հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին՝ ներառյալ կանանց։

Այս օրերին Ադրբեջանում սկսվել են դատավարություններ հայ գերիների նկատմամբ, որը ամբողջությամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, և խախտում է ոչ միայն գերիների, այլև նրանց ընտանիքնի իրավունքները։

Միջազգային մարդասիրական իրավունքը քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից։ Ես Ձեզ ցույց կտամ տեսանյութ, որտեղ Ադրբեջանի և Թուրքայի նախագահները զրուցում են հայ ռազմագերիների մասին՝ նրանց համարելով առևտրի առարկա։ Նշվում է, որ նրանց պլանավորում են վերադարձնել միայն Լեռնային Ղարաբաղում ականապատված տարածքների քարտեզների դիմաց։

Սա անժխտելի ապացույց է, որ Ադրբեջանը ներգրավված է մարդկանց առևտրի գործում և հայ ռազմագերիները վերջինիս համար ենթակա են առուծախի։ Նրանք ապօրինաբար բանտարկված են ականապատված տարածքների քարտեզների դիմաց փոխանակվելու համար»,-ասել է Սամսոնյանը։

Նա հավելել է, որ, հետևաբար, հայ ռազմագերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ գործընթացներ են և նպատակ ունեն միայն փակելու պատգամավորների աչքերը իրողության վրա։

«Մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և առ այսօր գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։ Մենք կոչ ենք արել մեր եվրոպացի բոլոր գործընկերներին կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը խախտելու համար։

Մեկ անգամ հայտարարել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումները ոչ միայն Հայաստանի անհանգստության պատճառը պետք է լինի, այլև ողջ միջազգային հանրության, որովհետև Ադրբեջանի վարքագիծը և անպատժելի մնալու վստահությունը սպառնալիք է միջազգային իրավական համակարգի համար, աշխարհի և տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար։

Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից և վերադարձնի ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին։ Դուք այս հարցում ունեք էական դերակատարում, որովհետև մենք միասնական ջանքերով պետք է պաշտպանենք միջազգային իրավական կարգը, հասնենք անվտանգության և խաղաղության աշխարհում»,-ասել է Սամսոնյանն իր ելույթում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---