Թիրախային ևս մեկ խումբ՝ բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում

Թիրախային ևս մեկ խումբ՝ բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում

PanARMENIAN.Net - Ավելի քան տասը տարի, Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ ջանքերով, հանրապետության տարբեր մարզերում տան խնդիր է լուծվում: Գործընկերներն աջակցում են այն ընտանիքներին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով, չեն կարողանում ավարտին հասցնել իրենց կիսակառույցների շինարարությունը, բնակվում են վագոն-տնակներում կամ առհասարակ՝ ծածկի խնդիր ունեն:

Ընթացիկ տարում, ծրագրի թիրախային խմբում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքները: 2021թ. բնակարանաշինության ծրագիրն արդեն մեկնարկել է. կողմերը ստորագրել են գործակցության պայմանագիրը և անցել ծրագրի հերթական փուլերին: Գործընկեր կազմակերպությունների ղեկավար թիմերը շրջայցով եղել են Վայոց ձորում: Առաջին հանդիպումը կազմակերպվել է Արցախից Եղեգնաձոր տեղափոխված՝ Ղամբարյանների ընտանիքի հետ:

Ղամբարյանների ընտանիքը քառորդ դար՝ քսանհինգ տարի, ապրել է Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Հայկն ու իր կինը՝ Հասմիկը, այնտեղ էլ հանդիպել և ամուսնացել են, տուն-տեղ են ստեղծել, երեխաներ ունեցել: Վերջին պատերազմի ժամանակ, շատ ընտանիքների նման, Ղամբարյանները ևս ստիպված են եղել թողնել տարիների ստեղծածն ու տեղափոխվել Վայոց ձոր:

Որոշ ժամանակ վարձակալությամբ բնակվելուց հետո, Հայկը կարողացել է տուն գնել, որը տանիքի և ջերմամատակարարման համակարգի կառուցման խնդիր ունի: Ղամբարյաններին աջակցելու պատրաստակամություն հայտնած գործընկերները ընտանիքին ներառել են բնակարանաշինության ծրագրում:

«Դժվար է տուն կորցնելը: Դժվար է տնից տուն տեղափոխվելը: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Կյանքը շարունակվում է, մենք էլ պիտի կարողանանք նոր ու ավելի ամուր հիմքեր ստեղծել: Տունը կարողացել ենք գնել, սակայն տանիքի ու ջեռուցման խնդիր ունենք», - ասել է Հայկը:

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:

«Երկրում ստեղծված իրավիճակն ու պատերազմի դաժան ձեռագիրը պատճառ դարձան, որպեսզի մեր ընկերությունը վերանայի իր ռազմավարությունը և ճկուն մոտեցում դրսևորի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի (ԿՍՊ) իրականացման հարցում: Բնակարանաշինության՝ այս տարվա ծրագրում ևս եղան որոշ փոփոխություններ: Մեր գործընկերների հետ ընդունեցինք կարևոր որոշում: Այն թիրախային խումբը, որին աջակցել ենք ավելի քան տասը տարի, դարձյալ չի անտեսվելու, սակայն կա նաև կյանքի բերումով կրկնակի հարված ստացած ընտանիքներին ամուր հենարան լինելու անհրաժեշտություն: Մենք լինելու ենք նաև Արցախից տեղահանված և անտուն մնացած ընտանիքների կողքին: Աջակցելու ենք սիրով, համբերությամբ և ձգտելու ենք տարածել դրական էներգիա: Մեզ բոլորիս դա շատ անհրաժեշտ է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» միջև այս տարվա պայմանագիրն արդեն ստորագրվել է: Նախատեսվում է, որ հատկացված բյուջեով կկարողանանք աջակցել 84 ընտանիքի. մինչև տարեվերջ ավարտին կհասցնենք 44 կիսակառույց տան շինարարություն և 40 տան վերանորոգման աշխատանքներ: Ընտանիքների մի մասի հետ աշխատանքներն արդեն սկսել ենք, մյուս մասը դեռ ընտրության փուլում է: Հույս ունենք, որ ծրագրի աջակցությամբ՝ ընտանիքները կհիմնավորվեն և ազգին ճակատագիր դարձած տեղահանումները այլևս չեն կրկնվի»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---