ՀՀ-ն առցանց տաղավարով մասնակցում է Կաննի փառատոնի կինոշուկային

ՀՀ-ն առցանց տաղավարով մասնակցում է Կաննի փառատոնի կինոշուկային

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցում է Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող ամենամյա Marche’ du Film կինոշուկային՝ առցանց տաղավարով (հեռավար), տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Առցանց ներկայություն ունենալու որոշումը պայմանավորված է երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական)։

Marche’ du Film-ում առցանց-էջի տարածքի, օնլայն տաղավարի, օնլայն կատալոգի ֆինանսական ծախսերը հոգացել է ԿԳՄՍ նախարարությունը:

Marche’ du Film-ի հայկական հարթակը հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված մասնագետներին ծանոթանալու հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և առցանց հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։

Marche' du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը (տաղավար) միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջը ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021թթ․ Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ Կատալոգ՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ: Հայկական ֆիլմեր բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև Հայկական փառատոներ, Կինոժառանգություն և Հայաստանի տեսարժան վայրեր (լոքեյշններ) բաժինները:

Կինոշուկայի համար պատրաստված կատալոգը ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավտարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։

Կաննի փառատոնը մեկնարկել է հուլիսի 6-ին և կտևի մինչև հուլիսի 15-ը։

Ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։ Հայաստանն այս տարի ընտրեց մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով էլ չափազանց սեղմ ժամկետներում՝ աշխատանքային թիմը պատրաստեց առանձին օնլայն-էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---