Հուլիսի 10-ից բացվում են Սևանի հանրային լողափերը․ Անվտանգությանը դրոններով կհետևեն

Հուլիսի 10-ից բացվում են Սևանի հանրային լողափերը․ Անվտանգությանը դրոններով կհետևեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ից բացվում են Սևանա լճի հանրային լողափերը։ Այս տարի փրկարար ծառայության աշխատակիցներից բացի հանգստացողների անվտանգությանը կհետևեն նաև դրոններ:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արման Աբելյանը տեղեկացրել է, որ հանգստացողների համար հուլիսի 10-ին Սևանի 3 հանրային լողափ (ընդհանուր 8 լողափ կա) է բացվում, գրում է Sputnik Արմենիան։

«Հանրային լողափ ասելով՝ նկատի ունենք Սևանի թերակղզու ու Սևան քաղաքի հարևանությամբ գտնվող 3 հատվածը: Ինչ վերաբերում է մյուս 5-ին՝ ապա այս տարի դրանք չեն բացելու։

Լողափերում գործելու են մի շարք անվճար ծառայություններ՝ տախտակամածներ, հովանոցներ, մանկական խաղահրապարակներ, զուգարաններ, նստարաններ, հանդերձարաններ, բուժկետ և իհարկե, փրկարարական ծառայություն»,-ասել է նա։

Տեղադրվել է 53 տեղեկատվական ցուցանակ՝ տարածքները մաքուր պահելու մասին գրառումներով, և այդ նպատակով նաև 160 աղբաման։

Աբելյանը զգուշացրել է, որ լողափերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ը, որից հետո տարածքներում մաքրման աշխատանքներ կիրականացվեն:

ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն իր հերթին նշել է, որ ԱԻՆ ղեկավարի հրամանով հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 10-ից ուժեղացված ռեժիմով կաշխատի: Փրկարար ծառայության աշխատակիցները մոտորանավակներով պարեկային ծառայություն են իրականացնելու ինչպես հանրային լողափերում, այնպես էլ հարակից մասնավոր լողափերում:

«Դիտարկումն իրականացվելու է նաև դրոնների օգնությամբ։ Դրանք հատկապես կօգնեն գիշերային ժամերին և հեռավոր տարածություններում որոնողական աշխատանքների ժամանակ», - ասել է Ճզմաչյանը։

Դրոնները կարող են մինչև հինգ կիլոգրամ քաշով առարկաներ տեղափոխել: Այսպիսով` շատ կարճ ժամանակում խեղդվողին կարելի է փրկարարական բաճկոն, շրջանակ և այլ իրեր հասցնել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---