Իսահակյան գյուղում սիբիրյան խոցի ևս 2 դեպք է գրանցվել

Իսահակյան գյուղում սիբիրյան խոցի ևս 2 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Իսահակյան գյուղում սիբիրյան խոցի ևս 2 դեպք է գրանցվել, հիվանդները տեղափոխվել են Գյումրու Ինֆեկցիոն: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել ու մշակել են: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Sputnik Արմենիանն։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով` վերջիններս փորձել են թաքցնել իրենց մոտ առաջ եկած ախտանիշը և զբաղվել են ինքնաբուժությամբ։ Կանայք բժշկի դիմել են բավական ուշ, երբ հասկացել են, որ իրենց վիճակը գնալով բարդանում է, գրում է Sputnik Արմենիան։

«Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Խոցերը գտնվում են վերին վերջույթներին՝ մատների վրա: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են արել՝ ինչ մտքներով անցել է, ու երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել են, նոր դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին` ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,-նշել է Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չփորձել զբաղվել ինքնաբուժությամբ։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում սիբիրյան խոցով վարակված 8 հիվանդ:

«Ավելի վաղ ընդունված հիվանդների վիճակը միջինից անցել է ավելի թեթևի: Մոտ օրերս նրանք դուրս կգրվեն»,- ասել է նա:

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» կողմից Իսահակյանում հսկողություն է իրականացվում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---