Ալիև․ Լեռնային Ղարաբաղ չկա, Զանգեզուրը մեր պատմական հողն է՝ վերադառնալու ենք

Ալիև․ Լեռնային Ղարաբաղ չկա, Զանգեզուրը մեր պատմական հողն է՝ վերադառնալու ենք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված է և Լեռնային Ղարաբաղ չկա՝ կա Ղարաբաղ։

«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությանը կարգավորված չէ, ապա ինչպե՞ս է տեսնում դրա հանգուցալուծումը։ Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է, ապա Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածքային միավոր։ Այդ բառակապակցությունն այլևս չի կարող կիրառվել։ Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ։ Հուլիսի 7-ին ես հրամանագիր եմ ստորագրել Ղարաբաղյան տնտեսական գոտու ստեղծման մասին, որի մեջ միավորված են ղարաբաղյան բոլոր շրջանները»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ալիևը հավելել է, որ ստեղծվել է նաև «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտի։

«Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ մեր պատմական հողն է։ Հիմա Հայաստանում ասում են, թե Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում։ Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի և նախապապերի հողն է։ Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ․․․ Հիմա, բոլոր հաղորդակցությունների բացումից հետո, մենք, անշուշտ, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։ Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանն է։ Մենք, իհարկե, կվերադառնանք»,- ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---