Վահե Հակոբյան. ԶՊՄԿ 2 աշխատակցի ձերբակալել են

Վահե Հակոբյան. ԶՊՄԿ 2 աշխատակցի ձերբակալել են

PanARMENIAN.Net - ԱԱԾ հատուկջոկատայինները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 5-ին բերման են ենթարկել, նրանցից 2-ը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է կոմբինատի գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Կոմբինատի անվտանգության դեպարտամենտի պետին և արհմիության նախագահին գիշերը տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Մեզ համար անհասկանալի է` ինչ հիմքով են նրանց բերման ենթարկել, հիմա փորձելու են մեղադրանք առաջադրել»,- ասել է նա։

Հակոբյանի խոսքով` փաստաբանները բողոքարկելու են ձերբակալության իրավաչափությունը։ Իսկ կոմբինատի, մասնավորապես հաշվապահության աշխատանքները խաթարված են, քանի որ ԱԱԾ աշխատակիցները առգրավել են համակարգիչները։

«Բոլոր աշխատասենյակները «պլոմբել» են, այնտեղ չի կարող մարդ մտնել։ Այսկերպ (վարչապետի պաշտոնակատար) Նիկոլ Փաշինյանը գլխատում է Սյունիքը, թուլացնում է Հայաստանի տնտեսությունը, որպեսզի հանձնի Սյունիքն իր եղբայրներին` ադրբեջանցիներին և թուրքերին»,- նշել է Հակոբյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով` անհասկանալի է ԶՊՄԿ-ում և ընդհանրապես Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում օտարերկրյա դեսպանների ու միջազգային կառույցների լռությունը։

«Ոչ միայն դեսպաններից, այլև միջազգային որևէ կառույցից այսօր արձագանք չկա, իրենք լուռումունջ ընդունում են` ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, իսկ ո՞ւր մնացին այդ միջազգային կառույցների գովաբանած ժողովրդավարական սկզբունքները։ Մենք դարձել ենք բռնապետություն, դա պետք է փաստենք և սկսենք պայքարել դրա դեմ»,- հավելել է Հակոբյանը։

Նա հույս է հայտնել, որ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժը, որի ներկայացուցիչն է նաև ինքը, կկարողանա արդյունավետ պայքարի շնորհիվ հասնել բռնատիրական բարքերի չեղարկմանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ 5 խոշոր հարկատուներից է:

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ելք ու մուտքը չի թույլատրվում։ Ըստ հրապարակումների՝ կոմբինատում է «Ալֆա» ջոկատը, կան ձերբակալվածներ։Հուլիսի 13-ին Վահե Հակոբյանն ասել էր, որ իշխանությունն արդեն ավելի քան 12 օր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չի տալիս խտանյութ արտահանել։

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենիխտանյութի համար՝ ներկայիս գնի 15%-ի չափով: Ըստ օրինագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ այս օրենքով առաջիկա 6 ամսում պետբյուջե կմուտքագրվի մոտավորապես 35 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---