ՀՀ օլիմպիական երկրորդ պատվիրակությունը մեկնել է Տոկիո

ՀՀ օլիմպիական երկրորդ պատվիրակությունը մեկնել է Տոկիո

PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական երկրորդ պատվիրակությունը մեկնել է Տոկիո։

Մարզիկներից Տոկիո են մեկնել լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, նրանց մարզիչ Արմինե Ավետիսյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը և մարզիչ Հովհաննես Դավթյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելա Յայլյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը` հավաքականի երկրորդ մարզիչներ Ռոբերտ Պետրոսյանը և Կարեն Ղազարյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ Տոկիո էին մեկնել նաև հրաձգության հավաքականի անդամ և Խաղերում միակ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, ինչպես նաև օլիմպիական թիմի բժիշկներ Դավիթ Մոսինյանը և Հարություն Պրազյանը:

Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգրեր է նվաճել 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---