ՀՀ ԱԳՆ․ Բաքուն, ՀՀ հանդեպ տարածքային պահանջներով, նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի անվտանգությանը

ՀՀ ԱԳՆ․ Բաքուն, ՀՀ հանդեպ տարածքային պահանջներով, նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Այդ մասին ասել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գրում է Արմենպրեսը։

Նշվում է, որ, փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը, ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։

«Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ», - ասել են ՀՀ ԱԳՆ-ից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված՝ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ՀՀ ԱԳՆ-ից նշել են, թե դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։

«Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։

Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար», - ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արևելյան Զանգեզուրը, Արևմտյան Զանգեզուրը՝իրենց պատմական հողն է։ «Հիմա Հայաստանում ասում են, թե Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում։ Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի և նախապապերի հողն է։ Հիմա, բոլոր հաղորդակցությունների բացումից հետո, մենք, անշուշտ, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։ Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանն է։ Մենք, իհարկե, կվերադառնանք»,- ասել է նա:

Նույնաբովանդակ պահանջներ էր ներկայացրել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---