Սփյուռքից սկսնակ և հմուտ մասնագետներն ուզում են կամավորել ՀՀ-ում

Սփյուռքից սկսնակ և հմուտ մասնագետներն ուզում են կամավորել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Սկսնակ և հմուտ մասնագետները՝ սփյուռքից և ոչ միայն, ցանկանում են կամավորել Հայաստանում՝ հանուն ուժեղ հայրենիքի։

Այժմ ՀՀ-ում կա աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 90 կամավոր։ Նրանք հնարավորություն ունեն աշխատելու ցանկացած ոլորտին պատկանող կազմակերպությունում, ասվում է «Դեպի Հայք» և Հայ կամավորների միության հաղորդագրության մեջ։

Նրանք տրամադրում են հոգեբանական աջակցություն, մատուցում են սոցիալական ծառայություններ և այլ աշխատանքներ կատարում։

Օրինակ, Ուրուգվայից ժամանած Գաբրիելա Մուլլուքյանն օժանդակում է զինծառայողներին։ Գաբրիելան 29-ամյա ճարտարագետ է, որը ներկայում կամավորում է տեղական ստարտափերից մեկում՝ օգնելով պատրաստել զինվորների վերջույթների պրոթեզավորման համար անհրաժեշտ գործիքներ:

Մանվել Գրիգորյանը նույնպես ակտիվորեն կամավորում է նույն կազմակերպությունում: Մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ է և եկել է Ֆրանսիայից՝ կամավորելու նպատակով: Մանվելը խոստովանում է, որ եկել է տեղացիների համար օրինակ ծառայելու և ցույց տալու, թե որքան կարևոր է այս պահին համախմբվել և կանգնել սեփական հայրենիքի կողքին։

Վերջին երկու տասնամյակի ընթացքում «Դեպի Հայք» և Հայ կամավորների միություն հիմնադրամները կամավորության հնարավորություններ են տրամադրել ցանկացողներին՝ աշխատելով նրանց և տեղական կազմակերպությունների միջև կապ ստեղծել:

«Մինչ այժմ մենք, որպես երկու քույր կազմակերպություններ, հյուրընկալել ենք ավելի քան 3000 կամավորի՝ 60 երկրից: Համագործակցելով ավելի քան 1100 տեղական կազմակերպությունների հետ՝ կամավորական աշխատանքի հաստիք ենք տրամադրել մեր ծրագրի մասնակիցներին ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և այլ քաղաքներում: Քանի որ մենք համագործակցում ենք հյուրընկալող ընտանիքների հետ, մեր կամավորները կարող են ապրել հայկական ընտանիքներում, որն իրենց հնարավորություն է տալիս ծանոթանալ տեղացիների վարած ապրելակերպին և խարիսխ գցել իրենց հայրենի հողում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպի Հայքը (Birthright Armenia) 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները պարտավորվում են շաբաթական առնվազն 30 ժամ կամավորել առնվազն 9 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ: Լրիվ դրույքով աշխատող 25+ մասնակիցներին առաջարկում ենք Birthright Lite ծրագիրը, որը ենթադրում է ընդամենը 4 շաբաթ տևողությամբ կամավորություն:

Հայ կամավորների միությունը առնվազն 2 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ կամավորության հնարավորություններ է առաջարկում 21 տարեկանից բարձր արտասահմանցիներին, ինչպես նաև 32 տարեկանից բարձր անձանց, ովքեր ունեն հայկական արմատներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---