21 հուլիսի 2021 - 14:26 AMT
«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնում է մանդատները․ Ինքնաբացարկի դիմում չունեն

«Պատիվ ունեմ» դաշինքը գնալու է խորհրդարան։ Այդ մասին հայտնել է դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Խորհրդարանում դաշինքն ունենալու է 7 պատգամավոր:

Նա նշել է, որ այս պահին ինքնաբացարկի դիմում չունեն: «Պատիվ ունեմ» խմբակցությունը կունենա հետևյալ կազմը՝ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան, Տիգրան Աբրահամյան։

Հարցին, որ ինքնաբացարկների վերջնաժամկետն է հուլիսի 21-ի ժամը 18:00-ն, հնարավո՞ր է մինչ այդ ինքնաբացարկի դիմումներ լինեն՝ Հակոբյանն ասել է. «Չեմ կարող բացառել, քանի որ ամեն դեպքում իրավունք է, բայց քիչ հավանական է»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքը ևս որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները։ «Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270,000 քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: