ԿԳՄՍՆ․ Դասապրոցեսը կկազմակերպվի ըստ համաճարակաբանական իրավիճակի

ԿԳՄՍՆ․ Դասապրոցեսը կկազմակերպվի ըստ համաճարակաբանական իրավիճակի

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը նշվել է, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակաբանական իրավիճակի գնահատմամբ։

Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նշվել է, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն կրթական և առողջապահական ոլորտների համար:

Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացների ներկայիս դինամիկան և դրանցով պայմանավորված դասապրոցեսի կազմակերպման ձևերի վերաբերյալ դիրքորոշումը։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում զգուշորեն վերաբերել հակահամաճարակային սահմանափակումները թուլացնելու հարցին: Ուսումնական գործընթացն առկա ձևաչափով կազմակերպելու համար առաջնահերթ անհրաժեշտ է պատվաստումների բավարար մակարդակ»,-ասել է նա:

Կողմերը համակարծիք են եղել, որ դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ դպրոցները կստանան հակահամաճարակային կանոնները պահելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատվաստման գործընթացն ուսումնական հաստատություններում կազմակերպելու հնարավորություններին: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատակիցների կողմից ցանկության դեպքում Առողջապահության նախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ: Վերջնական և արդյունավետ որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131,080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94,560, երկրորդ դեղաչափ` 36,520։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---